Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ) բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը ստեղծվել է 2000թ.-ին Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների միջև 1995թ. կնքված մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության պայմանագրի շրջանակներում:
Համալսարանի հիմնադիրները՝ ՀՀ արտաքին գործերի ու կրթության և գիտության նախարարությունները, Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարությունը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այսպիսով կարևորեցին հայ երիտասարդների կրթությունը ՝ ի նպաստ Հայաստանի և ֆրանս-հայկական հարաբերությունների։ ՀՖՀՀ-ն Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության խորհրդանիշն է։
Հիմնադրված լինելով որպես բաժնետիրական ընկերություն՝ ՀՖՀՀ-ն 2003թ․-ին ստացել է միջպետական համալսարանի կարգավիճակ շնորհիվ ՀՀ-ում 2002-2006թթ․ Ֆրանսիայի դեսպան Ն․Գ․ պարոն Անրի Կյունիի ջանքերի։
ՀՖՀՀ-ի տեսլականն է դառնալ Կովկասում բարձրագույն կրթության առաջատար և արտասահմանում գործող ֆրանսիական օրինակելի համալսարան։ Ապահովելով անհրաժեշտ գործիքներ անաչառ, պատասխանատու և լայն աշխարհայացք ունեցող ղեկավարների կրթության համար, համալսարանը հնարավորություն է տալիս երիտասարդներին դառնալու բարձրակարգ մասնագետներ։