-
2021-12-28
«Աքսելերատոր 28» կոնֆերանսների շարք՝ ուղղված Հայաստանում ձեռներեցության խթանմանը
Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեկնարկել է «Աքսելերատոր 28» ծրագիրը 2020թ․-ի դեկտեմբեր ամսին՝ նպատակ ունենալով աջակցել ձեռնարկությունների ստեղծմանը, ձեռներեցության խթանմանը Հայաստանում։
«Աքսելերատոր 28»-ը կենտրոն է, որը նպաստում է ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը Հայաստանում։ Այս ծրագիրը նախատեսված է ղեկավարների և ձեռնարկատերերի համար, որոնք ցանկություն ունեն զարգացնելու իրենց ձեռնարկությունը աշխույժ և ոգեշնչող էկոհամակարգում։ Նպատակն է զարգացնել ձեռնարկատիրությունը, մասնավորապես՝ Հայաստանում՝ աջակցելով ՀՖՀՀ-ի և գործընկեր համալսարանների ուսանողների նախագծերին։
«Աքսելերատոր 28-ն օրինակելիկենտրոն է Հայաստանում՝ միտված ձեռնարկատիրական մշակույթի զարգացմանը։ Ինչի՞ կարիք ունի Հայաստանը ներկայումս. նոր նախագծերի, տնտեսական խթանի։ Գիտակցելով այս պահանջը՝ մենք որոշել ենք աջակցել ձեռնարկությունների ստեղծմանը, զարգացմանը, վերագործարկմանը և միջազգայնացմանը», - ընդգծում է ՀՖՀՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Բերտրան Վենարը։
«Աքսելերատոր 28»-ի երեք հիմնական դերակատարներն են համակարգողները, մենթորները և փորձագետները, ովքեր աջակցում են մասնակիցներին ծրագրի ողջ ընթացքում։
Յուրաքանչյուր ուսանող, որն ունի ձեռնարկություն ստեղծելու նորարարական գաղափար և մոտիվացված է այն իրագործելու համար, ամեն կիսամյակ կարող է դիմել «Աքսելերատոր 28» ծրագրին ։
Աշխատանքային թիմերը, որ ձևավորվել են մեր երկրի համար առաջնային նշանակություն ունեցող այս ծրագրի շրջանակում, հնարավորություն ունեն օգտվելու ոչ միայն տարբեր ոլորտների ղեկավարների և մասնագետների ուղղորդումից և աջակցությունից, այլ նաև մասնակցելու այս ծրագրի շրջանակներում կազմակերպվող կոնֆերանսներին, որոնց ընթացքում ելույթ են ունենում անձիք, որոնք կարող են էական դեր և զգալի ազդեցություն ունենալ ուսանող- ձեռնարկատերերի նորաստեղծ ձեռնարկությունների գործունեության որակի վրա։ ՀՖՀՀ-ն իր հարկի տակ հյուրընկալում է մասնագետների, որոնք գալիս են կիսվելու իրենց փորձով, ինչը հիանալի հնարավորություն է գործարար աշխարհի նորեկների համար:
Այսպիսով, 2021թ.-ի մարտ ամսից սկսած՝ բազմաթիվ կոնֆերանսներ են տեղի ունեցել ՀՖՀՀ-ում։ Բանախոսել են թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի մասնագետներ։ Արծարծված բոլոր թեմաները եղել են շատ հետաքրքիր, բովանդակալից և արդիական, վերաբերել են ձեռներեցության խնդիրներին, մարտահրավերներին և հնարավորություններին ոչ միայն սովորական կյանքում, այլև համաճարակի համատեքստում․
1․. «Սովորական դատողություն. ձեռնարկություն ստեղծողի հաջողության բանալի», պրոֆեսոր Ժիլ Սերտու, Աուդենսիա, Ֆրանսիա
2․«Զարգանալ միջազգային ասպարեզում, խորհուրդներ և փորձի փոխանակում հաջողելու համար», Կլեր Վենար, միջազգային զարգացման խորհրդատու, Ֆրանսիա
3․ «Ձեռնարկատիրական հմտություններ», Ստեֆան Մարիոն, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի՝ «Ձեռներեցության և նախագծերի կառավարում» մագիստրոսական ծրագրի պատասխանատու
4․ «Ինչպես հաջողել բիզնեսդ՝ դիվերսիֆիկացնելով հորիզոններդ», Վալերի Սաֆարյան, Հայ-բելգիական առևտրի պալատի նախագահ, Հենրի Վազն, Սոֆիբանկի գլխավոր տնօրեն
5․ «COVID-ի շրջանում ձեռներեցներին հանդիպած դժվարությունները», Պիեռ Պրադինաս,
ռեժիսոր և «Կարմիր գլխարկ» թատերական ընկերության հիմնադիր
6․ «Ինչպե՞ս ստեղծել ներդրողներին գրավող պատշաճ պորտֆոլիո», Առնո Ժեհեն, «ABAB» (Atlantique Business Angels Booster) ցանցի նախագահ