-
2024-10-18
Էրազմուս ծրագիր․ Ֆրանսիացի պրակտիկանտներ ՀՖՀՀ-ում
Էրազմուս ծրագրի շրջանակում Ֆրանսիայից ժամանած Ինֆորմատիկայի ֆակուլտետի չորս ուսանողներ վերջերս հնարավորություն ունեցան պրակտիկա անցնելու ՀՖՀՀ-ում։ Բացահայտումներով և ուսումնական ծրագրերով հագեցած նրանց կեցությունը նշանավորվեց հիշարժան փորձառություններով ինչպես ակադեմիական, այնպես էլ մշակութային առումներով: Իրենց պրակտիկայի ավարտին հանդիպեցինք՝ խոսելու տպավորություններից և դասերից, որ քաղեցին այս յուրահատուկ հնարավորությունից։
Ուսանողներից Գաբրիել Ժերարը կարևորեց լսելու և հարմարվողականության ունակությունը համալսարանում. «Հայկական ակադեմիական միջավայրը, թեև տարբերվում է ֆրանսիականից, սակայն նոր հեռանկար է առաջարկում մեր ուսումնական ոլորտում: Այստեղ ավելի ազատ ես՝ ժամանակի կառավարման և լսարանում տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչը տարբերվում է այն խստությունից, որին մենք սովոր ենք»։
Հայերի ջերմ ընդունելությունն ու բացառիկ հյուրընկալությունը հատկապես են զարմացրել ուսանողներին․ «Մեզ հուզեց բնակիչների առատաձեռնությունն ու սրտաբաց լինելը, որն էլ ավելի հաճելի դարձրեց մեր ինտեգրումը: Հանդիպումներն այնպիսի անձանց հետ, ինչպիսիք են դեսպանը և ՀՖՀՀ-ի ռեկտորը, կարևոր իրադարձություններն էին մեզ համար»,- ոգևորված ավելացրեց Գաբրիելը:
Կիլիան Կայոն իր հպարտությունն արտահայտեց իրենց ծրագրի ընթացքում հանդիպած մարտահրավերների առումով. «Ավտոմատացված կազմաձևման նախագծում ներդրում ունենալը և մեր հետազոտական հաշվետվությունները գրելը մեզ թույլ տվեց կիրառել մեր գիտելիքները այլ համատեքստում: Դա և՛ ուսուցողական էր, և՛ ոգևորող»։
Նրանց ներգրավումը չի սահմանափակվել ակադեմիական ոլորտով։ Նրանք բացահայտել են նաև հայկական մշակույթը։ Գիյոմ Էդուարն ոգևորված ասաց. «Հայկական խոհանոցը շատ ավելին է, քան պարզ ուտելքը. դա իսկական ճանապարհորդություն է դեպի դարավոր ավանդույթների և անմոռանալի համերի աշխարհ»։ Իրենց խոհարարական բացահայտումներից նրանք հատկապես գնահատել են մանթին, տոլման, լավաշը, սուջուխը։ Յուրաքանչյուր օր նշանավորվել է մի համեղ ճաշատեսակով, իսկ ռեստորանների պարային երեկոները, որտեղ պարը կենտրոնական դեր է խաղում, ի տարբերություն Ֆրանսիայի, զարմացրել են Լյուկա Բիհանիկին:
Դասերից զատ ուսանողները այցելել են տպավորիչ պատմական վայրեր․ Գառնու տաճար, Քարերի սիմֆոնիա, Սևանա լիճ և այլն: Աժդահակի վերելքը և հիշարժան արշավը դեպի Դիլիջան արկածային շունչ են հաղորդել նրանց կեցությանը:
Հայաստանյան այս փորձառությունը ավելին էր, քան պարզապես ակադեմիական հնարավորություն. դա ամբողջական ընկղմում էր հետաքրքրագույն մշակույթի մեջ: Աշխատանքային ժամերի ճկունությունը, գիշերային ժամերին բաց խանութները և հայերի հյուրընկալությունը զարմացրել և տպավորել են մեր պրակտիկանտ ուսանողներին:
Երիտասարդ ուսանողները մեկնեցին Ֆրանսիա՝ հարստացած նոր գիտելիքներով, միջազգային բարեկամությամբ և հյուրընկալ ու կենսունակ Հայաստանից թանկարժեք հիշողություններով: Նրանց փորձը հիանալի կերպով ընդգծում է մշակութային և ակադեմիական փոխանակումների հարստությունն ու բազմազանությունը, որոնք հնարավոր են դառնում Էրազմուս ծրագրի շնորհիվ: