• 2026-02-05

Քաղաքացիական իրավունքը թվային դարաշրջանում․ Ստեֆան Բերրը Հայաստանում

2026թ․-ի հունվարի 29-ից 31-ը ՀՖՀՀ-ն հյուրընկալեց բացառիկ սեմինարների շարք՝ նվիրված քաղաքացիական իրավունքում և նոտարական պրակտիկայում թվային ոլորտի իրավական հիմնախնդիրներին: Այս հանդիպումները վարում էր ֆրանսիացի նոտար, իրավաբանական գիտությունների դոկտոր և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի դասախոս Ստեֆան Բերրը՝ «Էրազմուս+» շարժունության ծրագրի շրջանակում:

Այս շարժունության ծրագիրը հնարավորություն է տալիս հրավիրյալ դասախոսներին և մասնագետներին իրականացնելու դասավանդման կամ վերապատրաստման առաքելություններ Եվրոպայի և միջազգային բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ նպաստելով փորձի փոխանակմանը և ակադեմիական երկխոսությանը:

Քաղաքացիական իրավունքը թվային վերափոխումների համատեքստում

Ուղղված լինելով ՀՖՀՀ ուսանողներին, շրջանավարտներին և իրավունքի ոլորտի մասնագետներին՝ այս սեմինարները ներկայացրեցին տեսական և գործնական խորը վերլուծություն քաղաքացիական իրավունքի արդի փոխակերպումների վերաբերյալ՝ տեխնոլոգիական, հասարակական և տնտեսական զարգացումների համատեքստում:

Առաջին սեմինարը, որը նվիրված էր ամուսնաընտանեկան գույքային ռեժիմներին և թվային սեփականությանը, վեր հանեց գույքի բաղկացուցիչ մասերի էվոլյուցիան կրիպտոարժույթների, ոչ նյութական ակտիվների, թվային իրավունքների և արժեքավոր անձնական տվյալների դարաշրջանում:

Երկրորդ առանցքային թեման վերաբերում էր մահվան դեպքում թվային ակտիվների փոխանցմանը՝ քաղաքացիական և հարկային հիմնահարցերի տեսանկյունից: Թվային ժառանգության, ոչ նյութական ակտիվների գնահատման, կիրառելի հարկման և հետմահու թվային հիշողության հարցերը առաջացրին բազմաթիվ քննարկումներ, հատկապես մահացածի կամքի հարգման և էլեկտրոնային հեղինակության պաշտպանության շուրջ:

Վերջապես, երրորդ սեմինարը նվիրված էր իսկության և ապանյութականացման մարտահրավերներին ու լուծումներին: Թվային հարթակների, արհեստական բանականության և էլեկտրոնային արխիվացման զարգացմանը զուգընթաց՝ մասնակիցները խորհեցին նոտարական գործունեության մեջ նորարարությունների ներդրմանը զուգահեռ իրավական անվտանգության, հավաստիության և ակտերի իսկության ու ապացուցողական ուժի պահպանման միջոցների շուրջ:

Կլոր սեղան նոտարիատի արդի հիմնախնդիրների շուրջ

Ակադեմիական այցի շրջանակներում Ստեֆան Բերրը և ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Յովսէփեանը մասնակցեցին նաև ՀՀ նոտարական պալատի կողմից կազմակերպված կլոր սեղան-քննարկմանը:

Քննարկումները վերաբերում էին նոտարիատի թվայնացմանը, թվային ժառանգությանը և անշարժ գույքի հետ կապված գործարքներին՝ ֆրանսիական փորձի և իրավական դաշտի վերջին զարգացումների լույսի ներքո: Այս հանդիպումը հնարավորություն տվեց բովանդակալից երկխոսության համալսարականների և պրակտիկ մասնագետների միջև։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more