-
2026-09-25
ՀՖՀՀ դասախոս-հետազոտող Էլեն Գրիգորյանը՝ ԱՄՆ-ում կայացած AMCIS 2026 միջազգային հեղինակավոր գիտաժողովում
ՀՖՀՀ դասախոս-հետազոտող և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Magellan հետազոտական լաբորատորիայի ասոցացված հետազոտող Էլեն Գրիգորյանը մասնակցել է տեղեկատվական համակարգերի ոլորտի միջազգային հեղինակավոր Americas Conference on Information Systems-ի (AMCIS 2026) 32-րդ գիտաժողովին։
Գիտաժողովը տեղի է ունեցել 2026 թվականի օգոստոսի 20-22-ը ԱՄՆ Նևադա նահանգի Ռինո քաղաքում՝ «The Next Transformation» խորագրի ներքո՝ համախմբելով տեղեկատվական համակարգերի ոլորտի հետազոտողներին և մասնագետներին՝ աշխարհի տարբեր երկրներից։
Գիտաժողովի շրջանակում Էլեն Գրիգորյանը ներկայացրել է «Effects of Pro-Green IT Nudges under Instability» հոդվածը՝ համահեղինակներ՝ iaelyon School of Management - Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի և Magellan հետազոտական լաբորատորիայի պրոֆեսորներ Կատյա Լոբր-Լեբրատիի և Ժան-Ֆաբրիս Լեբրատիի հետ։
Հոդվածն ընտրվել է ներկայացվելու «Green IS and Sustainability (SIG Green)» թեմատիկ գիտական նստաշրջանում և հրապարակվել է AMCIS 2026-ի պաշտոնական գիտաժողովային ժողովածուում։
Հետազոտությունն ուսումնասիրում է, թե արդյոք կայուն տեխնոլոգիաների կիրառումը խրախուսող վարքաբանական ազդակները՝ «նաջերը», շարունակում են արդյունավետ լինել այնպիսի միջավայրերում, որտեղ անկայունության և անվտանգության հարցերը հաճախ գերակայում են կայուն զարգացման առաջնահերթություններին։
Հայաստանում Z սերնդի 377 ուսանողների մասնակցությամբ իրականացված հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ նման միջամտությունները կարող են նպաստել Կանաչ ՏՏ-ի նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը նույնիսկ անկայունության պայմաններում։ Հետազոտության արդյունքները ցույց են տալիս նաև, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում «նաջերը» կարող են դառնալ համեմատաբար քիչ ռեսուրս պահանջող գործիք՝ որպես լրացում ծառայելով տեխնոլոգիական ավանդական ներդրումներին ու նպաստելով կայուն թվային լուծումների ընդունմանը։
Այս արդյունքները կարող են հատկապես կարևոր լինել այն համալսարանների և կազմակերպությունների համար, որոնք իրականացնում են պատասխանատու թվային զարգացում՝ սահմանափակ ռեսուրսների, ինստիտուցիոնալ խոցելիության կամ բարձր անորոշության պայմաններում։
Միջազգային առաջատար գիտաժողովներին ՀՖՀՀ դասախոս-հետազոտողների մասնակցությունն ու Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ զարգացող գիտական համագործակցությունը նպաստում են ժամանակակից մարտահրավերներին արձագանքող հետազոտությունների զարգացմանը և միջազգային ակադեմիական հարթակներում Հայաստանում իրականացվող գիտական աշխատանքի տեսանելիության բարձրացմանը։
Շնորհավորում ենք հեղինակներին գիտական ներդրման կապակցությամբ։
Հոդվածը