-
2022-12-01
1 կիսամյակ Գերմանիայում․ Սվետլանա Մկրտչյանը՝ Էրազմուս+ շարժունության ծրագրի մասին
ՀՖՀՀ իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Սվետլանա Մկրտչյանը Էրազմուս+ ծրագրի շրջանակում հնարավորություն է ունեցել մեկ կիսամյակ սովորելու Սաարլանդի համալսարանում (Գերմանիա)։ Այս հարցազրույցում նա մեզ հետ կիսվում է իր տպավորություններով։
Պատմեք Էրազմուս+ ծրագրին Ձեր մասնակցության մասին՝ մի քանի տողով։
Էրազմուս+ ծրագրին մասնակցության մասին սկսեցի մտածել Սաարլանդի համալսարանում ուսանելու մասին հայտարարությունը ստանալուց հետո՝ դասախոսներիցս մեկի խորհրդով։ Ունենալով գերմաներենի սերտիֆիկատ՝ որոշեցի դիմել ծրագրին։ Հանձնաժողովի կողմից ընտրվեցի որպես շարժունության ծրագրի մասնակից և մեկնեցի Գերմանիա։ Ուսումնառության ընթացքում բացի իրավաբանական կրթությունից հնարավորություն ունեցա ուսումնասիրելու այլ երկրների մշակույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաև՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային ուսանողներին։ Նման հնարավորություն ընձեռված էր « Հայաստանի օր » միջոցառման շրջանակներում, որտեղ մյուս հայ ուսանողների հետ ներկայացրինք Հայաստանը, մեր մշակույթը, պատմությունն ու խոհանոցը։ Ուշագրավ էր նաև Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան այցելությունը, որտեղ ծանոթացանք դատավորների հետ, ունեցանք հետաքրքրիր քննարկումներ և ներկա գտնվեցինք դատավարական գործընթացների, ինչը շատ հետաքրքիր փորձառություն էր։
ՀՖՀՀ-ում ստացած գիտելիքները որքանո՞վ Ձեզ օգնեցին Սաարլանդի համալսարանում սովորելու ընթացքում:
ՀՖՀՀ-ում ստացած գիտելիքները և պրակտիկայում ունեցած փորձը ամուր հիմք են եղել Սաարլանդի համալսարանում սովորելիս, քանի որ այլ երկրի իրավական մշակույթը ուսումնասիրելիս և իրավական համեմատություն անելիս շատ կարևոր է ունենալ բազա, որի վրա հիմնվելով է միայն հնարավոր բացահայտել այլ իրավական մշակույթ ու մտածողություն։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայկական իրավունքում շատ արտահայտիչ է գերմանական իրավունքի ազդեցությունը, առավել հեշտ էր որոշ ինստիտուտներ ընկալելը։
Ինչպե՞ս համատեղել ճամփորդությունն ու ուսումը։
Ճամփորդությունները կազմակերպելիս հաշվի եմ առել խիտ գրաֆիկը և ճամփորդել եմ ազատ օրերին, արձակուրդներին կամ քննությունները հանձնելուց հետո։ Կարծում եմ, որ ինձ մոտ ստացվել է համատեղել հաճելին ու օգտակարը, և մեկը մյուսի պատճառով չի տուժել։ Կարող եմ ասել, որ շնորհիվ Էրազմուսի հնարավորություն ունեցա բացահայտելու ինչպես Գերմանիան, այնպես էլ մի քանի այլ եվրոպական երկրներ, ինչը անփոխարինելի փորձառություն էր ինձ համար։
Ինչո՞վ գրավեց Ձեզ Գերմանիան։
Գերմանիան ինքնին շատ գրավիչ է միջազգային ուսանողների համար նախևառաջ կրթության որակով, բացի այդ՝ Գերմանիան կարգապահության ու հստակության երկիր է, ինչպիսիք աշխարհում քիչ են։ Գտնվելով Եվրոպայի գրեթե կենտրոնում Գերմանիան նաև լայն հնարավորություն է բացահայտելու Եվրոպայի մշակույթն ու պատմությունը, ինչպես նաև՝ հարևան երկրներն այցելելը դառնում է առավել հեշտ։
Ի՞նչ տվեց Ձեզ «Էրազմուս+» փոխանակման ծրագիրը։
«Էրազմուս+» ծրագիրը յուրահատուկ է իր առաջարկած հնարավորությունների լայն շրջանակով։ Բացի այլ երկրի կրթական համակարգին ծանոթանալուց, Էրազմուսը հնարավորություն է ընձեռում նաև ինտեգրվելու տեղի բնակիչների կյանքին ու կենցաղին, ուսումնասիրելու մշակույթը, մարդկանց, բացահայտելու նոր ու անհայտ վայրեր, ձեռք բերելու օտարերկրացի ընկերներ, կապեր, ծանոթություններ և ստեղծելու հիշողություններ ողջ կյանքի համար։
Ամփոփելով կարող եմ ասել՝ Էրազմուսի շնորհիվ ես ձեռք եմ բերել անգնահատելի գիտելիքներ, նոր ընկերներ, լայն մտահորիզոն և առավել ինքնուրույնություն։
Ի՞նչ խորհուրդ կտայիք այն ուսանողներին, ովքեր հաջորդ տարի մեկնելու են արտերկիր Էրազմուս+ ծրագրով։
Խորհուրդ կտամ առավելագույնս ուսումնասիրել ամեն մանրուք, ուշադիր լինել, վերահսկել բոլոր գործընթացները՝ համատեղելով հաճելին և օգտակարը։