• 2026-11-09

Անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանությո՞ւն, թե՞ հանրային շահ․ մարդու իրավունքների թեմայով ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 5-րդ թողարկում

Նոյեմբերի 3-ին և 4-ին ՀՖՀՀ-ում տեղի ունեցավ Մարդու իրավունքների թեմայով ֆրանկոֆոն դատախաղ-մրցույթի 5-րդ թողարկումը, որը համախմբել էր իրավագիտության ուսանողների, շրջանավարտների և երիտասարդ իրավաբանների։ Դատախաղը կազմակերպվել էր ՀՖՀՀ-ի, ՀՀ փաստաբանների պալատի, ՀՀ փաստաբանական ակադեմիայի, Մոնպելիեի փաստաբանների պալատի և Մոնպելիեի փաստաբանների պալատի Մարդու իրավունքների ինստիտուտի կողմից։ 

«Անձնական և ընտանեկան կյանքի պաշտպանությո՞ւն, թե՞ հանրային շահ․ որտե՞ղ է սահմանը»․ այս թեմայի շուրջ էին իրենց դիրքորոշումները ներկայացնում մրցույթի 5-րդ թողարկման մասնակիցները։ Ամենամյա այս դատախաղի նպատակն է զարգացնել երիտասարդ իրավաբանների իրավական վերլուծության, փաստարկման և հրապարակային խոսքի հմտությունները՝ հնարավորություն տալով նրանց կիրառելու տեսական գիտելիքները գործնական իրավիճակներում, այն էլ՝ ֆրանսերենով։

Մրցույթի հաղթող ճանաչվեց «Vox Juris» թիմը, որի անդամներ Մերի Համբարձումյանը և Աննա Շահրամանյանը արժանացան նաև մրցույթի լավագույն բանախոսների կոչմանը։ Որպես մրցանակ՝ նրանք հնարավորություն ստացան մասնագիտական պրակտիկա անցնելու Մոնպելիեի փաստաբանական պալատում (Ֆրանսիա)։

Երկրորդ տեղը զբաղեցրեց «Temis» թիմը, որի կազմում հանդես եկան Մարիամ Ջալալյանը և Դիանա Բաղդասարովան։ Մարիամ Ջալալյանն արժանացավ ՀՀ փաստաբանական ակադեմիայի ուսման վարձի 25% զեղչի, իսկ Դիանա Բաղդասարովան հնարավորություն ստացավ անվճար մասնակցելու ՀՀ փաստաբանների պալատի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին։

Անհատական ելույթների գնահատման արդյունքում «Sui Generis» թիմի անդամներ Արամ Համբարձումյանը և Մարիա Պետրոսյանը ճանաչվեցին համապատասխանաբար երրորդ և չորրորդ լավագույն բանախոսներ։ Նրանք նույնպես հնարավորություն ստացան մասնագիտական պրակտիկա անցնելու Մոնպելիեի փաստաբանական պալատում։

Լավագույն գրավոր աշխատանքի մրցանակին արժանացան «Vox Humana» թիմի անդամներ Անուշ Կարապետյանը և Մանե Բարսեղյանը, որոնք պարգևատրվեցին մասնագիտական գրքերով։

Մրցույթի 5-րդ թողարկումը ևս մեկ հնարավորություն էր երիտասարդ իրավաբանների համար՝ զարգացնելու մասնագիտական կարողությունները, ձեռք բերելու գործնական փորձառություն և ամրապնդելու հայ-ֆրանսիական իրավական համագործակցության շրջանակում ձևավորված կապերը։

Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնում մասնակիցներին ու գործընկերներին՝ մրցույթի կայացման գործում ունեցած ներդրման համար։

Վերադառնալ
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more
  • Les étudiants bénévoles accompagnent les médecins français

    read more
  • L’équipe Lumos de l’UFAR au concours de plaidoirie de la Croix Rouge

    read more
  • L’équipe du volleyball de l’UFAR à la 21ème édition des jeux sportifs des étudiants

    read more