-
2025-06-22
ՀՖՀՀ թիմը՝ ցեղասպանության վերաբերյալ դատախաղ-մրցույթի հաղթող
2025թ.-ի հունիսի 21-22-ը, ՀՀ-ում առաջին անգամ անցկացվեց ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղ-մրցույթ, որը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի միջազգային իրավունքի միության (ՀՄԻՄ) նախաձեռնությամբ։ Մրցույթը հնարավորություն տվեց ուսանողներին կիրառելու իրենց գիտելիքներն ու հմտությունները միջազգային իրավունքի առանձնահատուկ և բարդ ոլորտում՝ ցեղասպանության հանցագործության իրավական վերլուծության շրջանակում։
ՀՖՀՀ-ն մրցույթում ներկայացված էր երկու թիմով, որոնց կազմում իրավագիտության երրորդ կուրսի ուսանողներ էին։ Մեր ուսանողները հաջողությամբ անցան բոլոր փուլերը՝ շնորհիվ իրենց բարձր պատրաստվածության, թիմային աշխատանքի և բանավոր խոսքի գերազանց իմացության։
Հպարտությամբ նշում ենք, որ մրցույթի հաղթող ճանաչվեց ՀՖՀՀ-ի թիմերից մեկը, որի կազմում էին՝ Մարիամ Հովհաննիսյանը, Ռուդիկ Սահակյանը, Լուսինե Սարգսյանը և Տարոն Նազարյանը։
Բացի այդ, «Լավագույն բանախոս» կոչմանը արժանացավ ՀՖՀՀ-ն ներկայացնող Իրինա Ստեփանյանը։
Իրինա Ստեփանյանի մրցույթին մասնակցելու նպատակն էլ ավելի հմտանալն ու մասնագիտորեն զարգանալն էր․
«Դատախաղից հետո այս պարզ նպատակը վերածվեց շրջադաձային իրականության՝ նշանակալից ազդեցություն ունենալով իմ մասնագիտական զարգացման ճանապարհին։ «Լավագույն բանախոս» կոչմանն արժանանլուց առաջին հույզս անսպասելիությունն էր, բայց այդ զարմանքի հետ խառնված էր մեծ հպարտություն ՝ թե՛ որպես անհատ, թե՛ որպես ՀՖՀՀ-ի ներկայացուցչի»։
Իսկ հաղթող թիմի անդամներն իրենց խոսքում ընդգծեցին ինչպես մրցույթի բովանդակային արժեքը, այնպես էլ համագործակցության, աջակցող միջավայրի և պրակտիկ գիտելիքների կարևորությունը։
Տարոն Նազարյանը նշեց․
«Հաղթանակի հասնելու համար մեզ շատ օգնեց համալսարանի մյուս թիմը, շատ հաճելի էր մրցակցել նման ընկերական մթնոլորտում»։
Ռուդիկ Սահակյանը շեշտեց գիտելիքի ձեռքբերման առաջնայնությունը․
«Ցեղասպանության հանցագործության վերաբերյալ դատախաղին մասնակցելիս այն որպես մրցույթ չեմ դիտարկել. ինձ համար առաջնային է նոր գիտելիքներ ձեռք բերելը, ավելի խորապես ուսումնասիրել միջազգային իրավունքի այս հարցը, ներկայացնել դիրքորոշումներ, լսել հակափաստարկներ զարգացնելով իրավամտածողությունս»։
Լուսինե Սարգսյանի խոսքով․
«Դատախաղ-մրցույթն իրական հնարավորություն էր ինքներս մեզ փորձելու, մեզ նոր կողմերից ճանաչելու և մեր ուժեղ ու թույլ կողմերը բացահայտելու համար»։
Մարիամ Հովհաննիսյանը անդրադարձավ նաև մրցույթի թեմայի հոգեբանական բաղադրիչին․
«Հայ ուսանողների տեսանկյունից ցեղասպանության վերաբերյալ դատախաղն առաջին հերթին ունի հոգեբանական շատ մեծ ազդեցություն՝ հաշվի առնելով այն, որ մեր ազգն ինքը զոհ է եղել ցեղասպանության։ Այս դատախաղը հստակ ցույց տվեց, թե ինչպես է օրենքը դառնում գործիք, որը ճիշտ օգտագործելով՝ կարելի է հասնել այս կամ այն արժեքի պաշտպանության»։
ՀՖՀՀ-ն շնորհավորում է իր հաղթող ուսանողներին, ինչպես նաև մյուս մասնակիցներին՝ մասնագիտական պատրաստվածության, ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար։ Հատուկ շնորհակալություն նաև մարզիչներին՝ Կարին Յովսէփեանին և Անահիտ-Աննա Մկրտչյանին, որոնց աջակցությունն առանցքային էր այս հաջողության հարցում և կազմակերպիչներին ուսանողների համար ստեղծած այս արժեքավոր հնարավորություն համար։